Ես ու կինս բարեկամ լինելու բերումով չենք դարձել պատգամավոր Վահե Մակարյան 5 Օգոստոս 2021 | 10:45 Այս տարվա փետրվարի 1-ին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Նարեկ Բաբայանն այսօր արդեն 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ Թե ինչու նա որոշեց ազատվել, կամ ինչու որոշեցին նրան ազատել այդ պաշտոնից, որեւէ հիմնավոր բացատրություն այն ժամանակ չտրվեց, թեպետ մամուլում գրվեց, որ պատճառն այն ժամանակվա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են եղել։ Բայց Բաբայանի ընտանիքից միայն նա չէ պատգամավոր, կինը՝ Լենա Նազարյանը, որը նախորդ խորհրդարանում ԱԺ փոխնախագահ էր, այսօր դարձյալ նույն՝ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից է։ Նարեկ Բաբայանն այս ամենի մեջ որեւէ արտառոց բան չի տեսնում, այն դեպքում, երբ իրենք քննադատում էին նախկիններին՝ հայր ու որդի, խնամի, քավոր-սանիկ՝ պատգամավոր լինելու կամ հարազատներով պետական ապարատում բարձր պաշտոն զբաղեցնելու մեջ։ Երեկ, երբ խորհրդարանում հարցրինք Բաբայանին, թե ինչու ազատվեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, ասաց, թե դա ներքին հարց է եղել՝ աշխատանքային տարբեր իրավիճակներից ելնելով է նման որոշում կայացվել, ուստի չի կարծում, թե արժե դրա վրա ծանրանալ։ - Քանի որ ձեր թիմում շատ են լինում նման տեղափոխությունները, երբ մի քանի ամիս պաշտոնավարած անձը տեղափոխվում է լրիվ այլ պաշտոնի, մեզ համար անհասկանալի է մնում, թե որն է այդպիսի փոփոխությունների տրամաբանությունը։ - Իմ դեպքում դա մի քանի ամիս չի եղել, երկու տարուց ավելի է եղել։ - Ձեր դեպքում երկու տարուց ավելի էր, բայց տպավորություն է, թե սիրողական մակարդակով են ընտրվում պաշտոնյաները, կարծես փորձաշրջան անցնեն, հետո դուրս գան։ - Ես համաձայն չեմ, որ այդպիսի տպավորություն կա։ - Իսկ ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել ՔՊ-ի ցուցակով ու գալ հիմա էլ օրենսդիր աշխատանքով զբաղվել։ - Որովհետեւ ես մեր կուսակցության վարչության անդամ եմ, ես քաղաքական գործիչ եմ, ես ինձ պատասխանատու եմ համարում մեր թիմի քաղաքական գործունեության համար, սա էր պատճառը, որ ես ինձ պարտավորված էի զգում՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, եւ ընտրվելու դեպքում, բնականաբար, գամ եւ աշխատեմ։ - Ասում եք՝ Ձեզ պատասխանատու եք համարում։ Իսկ ձեր թիմի թույլ տված սխալների համար նույնպե՞ս պատրաստ եք պատասխանատվություն ստանձնել։ Ձեզ մեղադրում են Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր ունենալու, երկրի սահմանները բաց թողնելու, թուրքին ներս թողնելու եւ տարբեր այլ մեղքերի մեջ։ - Էդ կարգի մեղադրանքները շատ դեպքերում նույնիսկ ծիծաղելի արտահայտություններ են։ - Արցախը հանձնելու կամ զոհերի վերաբերյալ արտահայտությունները ծիծաղելի՞ են։ - Չէ, զոհերի մասին չէ, նկատի ունեմ՝ մեզ մեղադրել ինչ-որ բանի մեջ, որը գոյություն չունի եւ չէր կարող տեղի ունենալ։ - Պարոն Բաբայան, ձեր թիմի ղեկավարի ստորագրությամբ է այդ ամենը տեղի ունեցել։ - Էդ ամենը տեղի է ունեցել, եւ դրա համար գոյություն ունի բացատրություն։ Բայց էդ ասվածների մեջ շատ կան ձեւախեղումներ, թյուրիմացություններ։ Ոչ մի ձեւակերպում Ձեր նշածներից իրականությանը չի համապատասխանում։ - Ոչ մի սխալ թույլ չե՞ք տվել այս երեք տարում։ - Սխալներ, բնականաբար, եղել են, որեւէ մեկը չի ժխտում սխալների առկայությունը, բայց ասել, օրինակի համար, որ սահմանները բաց էիք թողել, դա անհեթեթություն է։ - Հիմա եք բաց թողել։ - Ի՞նչ է նշանակում՝ բաց թողել։ - Նշանակում է այն, որ թշնամին մտել է մեր տարածք եւ դուրս չի գալիս, արդեն մի քանի ամիս Սեւ լճում են, Երասխում ու Վարդենիսում են առաջ եկել։ - Դուք շատ լավ գիտեք, թե ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի իրավիճակում է դա տեղի ունեցել, ինչպիսի գործընթացներ են ընթանում, եւ ասել, որ բաց է, էդպես կարելի է ցանկացած սահմանի մասին ասել։ - Մենք տեսնում ենք, որ ԱԺ միջանցքները փակ են՝ գոնե լրագրողների համար, իսկ մեր երկրի սահմանները բաց են։ - ԱԺ միջանցքները փակ են ցանկացած երկրում, եւ դա նորմալ է։ - Ցավոք սրտի, նորմալ չէ, որովհետեւ նախկինում էդպես չէր։ - Նախկինում, ուրեմն, նորմալ չէր, իսկ հիմա նորմալ կլինի։ Ինչ վերաբերում է սահմաններին, նորից եմ ասում՝ սահմանների հետ կապված անտեղի շահարկումներ անելն ընդհանրապես տեղին չէ։ - Իսկ Դուք՝ որպես թիմի անդամ, այդ սխալների հետ կապված՝ ի՞նչ պատասխանատվություն եք պատրաստ ստանձնել։ - Ցանկացած։ - Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դա, կարո՞ղ եք օրինակ նշել։ - Հրաժարականներով, իշխանությունից հեռանալով։ - Ժողովուրդը կարող է մոլորության մեջ է եղել կամ տարբեր պատճառներով է ձեզ նորից ձայն տվել։ - Ժողովուրդը մոլորության մեջ չի եղել, եւ ժողովրդին մոլորության մեջ գցել ցանկացողները չեն հաջողել։ - Ձեզ քննադատում են նաեւ, որ, ընտանյոք հանդերձ, դուք այսօր պատգամավոր եք՝ ամուսիններով, նախկինում նույն բանի համար ՀՀԿ-ին էիք քննադատում։ - Ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ - Բայց նախկինում քննադատում էիք, չէ՞, նույն Գալուստ Սահակյանին եւ նրա որդուն կամ Հովիկ Աբրահամյանին։ - Ուրեմն Գալուստ Սահակյանը եւ իր որդին, ես չգիտեմ՝ միաժամանակ եղել են պատգամավոր, թե չէ, բայց շատ տարբեր իրավիճակներ են, եւ տարբերությունը, եթե չեք նկատում, ես պարզապես ոչինչ չունեմ ասելու։ - Իսկ ինչո՞վ է տարբերվում՝ շատ նման իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներն են այստեղ, բարեկամները, քավորը, դուք՝ ամուսիններով։ - Բացարձակապես նման չեն, որովհետեւ ես եւ իմ կինը միաժամանակ զբաղվել ենք քաղաքականությամբ, եղել ենք մեր կուսակցության հիմնադիր անդամ, վարչության անդամ, ընդ որում՝ ամուսնացել ենք ավելի ուշ, քան եղել ենք արդեն իսկ վարչության անդամ, լրիվ տարբեր իրավիճակներ են։ Եվ, ի տարբերություն Ձեր նշած դեպքերի, երբ ինչ-որ մեկը բարեկամ լինելու բերումով էր դառնում պաշտոնյա, ապա մենք բարեկամ լինելու բերումով չենք դարձել պատգամավոր, կամ բարեկամ լինելու բերումով ես չեմ եղել Պետական գույքի կոմիտեի նախագահ կամ ընտրվել մեր կուսակցության վարչության անդամ։ Սա է ամբողջ տարբերությունը։ - Իրենք՝ ՀՀԿ-ականներն էլ էին այդպես ասում, որ թիմի անդամ են, կուսակցության անդամ են, գաղափարակիցներ են, առաջադրվել են ու եկել դարձել են պատգամավոր։ - Շատ բարի։ Ես նորից եմ ասում․ նախ՝ խոսքն ընտրովի պաշտոնների մասին չէ, մենք քննադատել ենք նշանակովի պաշտոններում բարեկամ լինելու բերումով նշանակումները։ - Այսինքն, եթե մի տնից երկու պատգամավոր է լինում, դա չեք քննադատում։ - Նորից եմ ասում՝ եթե ոչ բարեկամ լինելու բերումով ուղղակի մարդիկ ազատ ընտրություններում ընտրում են, թեկուզ Ձեր ասած՝ ինչ-որ մեկի որդուն կամ եղբորորդուն, ես էդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։